Ջրային ընթերցանությունը Արևմտյան դպրոցի լողափին

Առանց կարգի Նորություններ և միջոցառումներ

 

«Տիգրան Հայրապետյան» գրադարանը արդեն մի քանի տարի է, ինչ համագործակցում է «Զանգակ» հրատարակչության հետ՝ կազմակերպելով մի շարք միջոցառումներ: Ամառային ընթերցանության բաղկացուցիչ «Ջրային ընթերցանություն» նախագիծը ևս բացառություն չէ: Ամեն ամառ Հայաստանի տարբեր մարզերի և քաղաքների դպրոցներից երեխաներ են գալիս կրթահամալիր՝ մասնակցելու միջոցառմանը:  Այս տարի այն անցկացվեց  կրթահամալիրի Արևմտյան դպրոցում: Ներկա էին կրթահամալիրի ճամբարականները, «Զանգակ» հրատարակչության ամառային ընթերցանության խմբի երեխաները, այլ ընթերցողներ:
Կրթահամալիր ժամանած ընթերցասերները իրենց զգում էին՝ ինչպես ձուկը ջրում:  Մինչ միջոցառման մեկնարկը՝ նրանք հասցրել էին շախմատի առաջնություն կազմակերպել, գրքերը ուսումնասիրել, դպրոցով մի լավ շրջել, մի լավ զարմանալ, մի լավ հիանալ: Հյուրերին գրավել էին պատերի բացակայությունը, ազատ ու թափանցիկ միջավայրը, ակումբների բազմազանությունը, անկաշկանդ ու ջերմ մթնոլորտը:

Քիչ անց,  լողափին կարելի էր տեսնել լողազգեստավորների: Այստեղ նրանց սպասվում էր  քննարկում՝ համեմված քաղցրավենիքներով:  Հերոսը Ուլրիխ Հուբի «Տապանի մոտ ժամը ութին» զարմանահրաշ գիրքն էր: Քննարկումը տպավորիչ էր: Ջուր, գիրք, ընկերներ, արև, հրաշալի միջավայր…էլ ի՞նչ է պետք ամառը անմոռանալի դարձնելու համար:

Գրադարանը չմնաց առանց նվերների: «Զանգակ» հրատարակչությունը մեզ նվիրեց 6 միավոր գիրք, ինչի համար հայտնում ենք մեր երախտագիտությունը: Դե ինչ, մենք կրկին հարստացանք նոր գրքերով: Ինչի՞ եք սպասում, ընթերցողնե՛ր, շտապեք գրադարան, չէ որ ամառը այնքան կարճ է:

Նյութը գրեց՝ Աննա Գսպոյանը


Share article on

Թողնել պատասխան

Մեկնաբանություն
Անուն*
Էլ․փոստ*
Կայք*